ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ
Ակունքը ժողովրդական է: Թումանյանն օգտվել է հայ և օտարազգի բանահյուսությունից: Հիմնականում օգտագործել է Ս. Հայկունու գրի առած «Տերտեր ու աճամ աղբեր» հեքիաթը: Նրան ծանոթ է եղել նաև ասորական հեքիաթը` «Нет на свете ничего постоянного».
Թումանյանը կատարել է սյուժետային որոշակի փոփոխություններ: Հայր-որդեգիր կապը դարձրել է հայր և որդի: Հանել է սյուժետային մի շարք մանրամասներ` թե ինչպես է որդին ծանր և զրկանքներով լի կյանքով ապրում և աշխատում, անգամ եզան հետ լծվում է գութանին: Սյուժետային բոլոր փոփոխություններով հանդերձ բանաստեղծը պահել է էականը` հոր և որդու (որդեգրի)` կյանքի տարբեր հանգրվաններում` մինչև մահ և մինչև գերեզմանաքարի ավերվելն իսկ շարունակ ասելը` «Էսպես չի մնա»: Այսինքն` ամեն ինչի անցողիկության և կյանքի հավերժության գաղափարը:






